Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ սեպտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ինքն ուկրաինացի իր պաշտոնակցի՝ Պյոտր Պորոշենկոյի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության կարգավորման ծրագիրը: Պետության ղեկավարը լրագրողներին պատմել է, որ այդ նախաձեռնությունը բաղկացած է յոթ կետից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Ուկրաինայի հարավ-արևելքում արյունահեղությունը դադարեցնելու և իրադրությունը կայունացնելու նպատակով կարծում եմ, որ հակամարտող կողմերը պետք է համաձայնեցնեն և կոորդինացված իրականացնեն հետևյալ գործողությունները»,- նշել է Պուտինը: Առաջնահերթ միջոցառումների թվում նա մատնանշել է «Ուկրաինայի հարավ-արևելքում Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններով աշխարհազորայինների զինված կազմավորումների ակտիվ հարձակողական գործողությունների դադարեցումը»:
Նախաձեռնություններից ևս մեկով «նախատեսվում է լիարժեք և անկողմնակալ միջազգային հսկողություն իրականացնել հրադադարի պայմանների կատարման նկատմամբ»:
Պուտինը նաև կարծիք է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում խաղաղ բնակչության դեմ օդուժի կիրառումը բացառելու անհրաժեշտության մասին և կոչ է արել Կիևին՝ մարդասիրական միջանցքներ բացել տեխնիկայի շարժվելու և Ուկրաինայի արևելք հումանիտար բեռներ փոխադրելու համար:
Ծրագրի կետերի թվում Պուտինը նշել է տուժած տարածաշրջաններ նորոգման բրիգադներ ուղարկելու հնարավորությունը, որոնք կզբաղվեն Ուկրաինայի արևելքում ավերված սոցիալական ու կենսապահովման ենթակառուցվածքի վերականգնմամբ:
Ռուսաստանի նախագահն ակնկալում է, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման ծրագրի շուրջ վերջնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն շփման խմբի սեպտեմբերի 5-ի հանդիպմանը: