ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի իրադրության վերաբերյալ նորացված բանաձեւ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դրանում Արեւմուտքի առաջարկությունների հիման վրա ներառելով դրույթներ հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նրա խոսքով՝ ԱԽ-ի նիստին հրավիրված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը նշել է, որ հարկավոր է իրադրության կարգավորմանն ուղղված քաղաքական քայլեր ձեռնարկել:
Ինչպես նշում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրների, Ամոսն ասել է, որ «քաղաքական կարգավորման բացակայության դեպքում մենք Ուկրաինայում կարող ենք բախվել հումանիտար ճգնաժամի»: Այս հայտարարությունը արեւմտյան ԶԼՄ-ները մեկնաբանել են որպես այն բանի ընդունում, որ առայժմ Ուկրաինայի արեւելքում չկա հումանիտար ճգնաժամ:
Չուրկինը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հասցեին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դեշչիցայի արած վիրավորական արտահայտություններին: «Նա մեզ համար այլեւս գոյություն չունի: Նրա միակ գործառույթն այն էր, որ ամերիկյան հրահանգները թարգմաներ ուկրաիներենով: Այնպես որ կորուստը մեծ չէ»,- հավելել է Չուրկինը: