Ռուսաստանը բանաձեւի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որը նպատակամղված է Ուկրաինայում բռնության անհապաղ դադարեցմանը եւ հումանիտար միջանցքների ստեղծմանը: Այդ մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

 

«Մենք Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձեւի նախագիծ ենք ներկայացրել Անվտանգության խորհուրդ»,- ասել է նա ԱԱԽ-ում փակ խորհրդակցության ավարտից հետո: Չուրկինի խոսքով՝ ՌԴ-ի կողմից ներկայացված փաստաթուղթը «քաղաքականացված չէ»: «Այն պահանջում է բռնության անհապաղ դադարեցում է հումանիտար միջանցքների ստեղծում, որոնք թույլ կտան բնակչությանը անվտանգ հեռանալ մարտերի ասպարեզի վերածված շրջաններից»,- բացատրել է դիվանագետը:

 

Մինչդեռ ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը կարծիք է հայտնել, որ հումանիտար ասպեկտների վրա հիմնված փաստաթուղթը «չի կարող ադեկվատ արձագանք լինել» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: «Հարկավոր է հիշել, որ այդ ճգնաժամը պայմանավորված է քաղաքականության ու անվտանգության հարցերով, դա հումանիտար ճգնաժամ չէ»,- ասել է նա լրագրողներին:

 

Հունիսի 2-ին Բրյուսելում տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի արտահերթ նիստը՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը: Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն, ամփոփելով նիստի արդյունքները, հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները խորապես տարբերվում են:

 

Իր հերթին ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկեն հայտնել է, որ Մոսկվան կոչ է արել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անդամներին՝ Կիեւից պահանջել անհապաղ դադարեցնել ուժային գործողությունը երկրի հարավ-արեւելքում, ինչպես նաեւ ձեռնամուխ լինել Ժնեւի պայմանավորվածությունների եւ ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզի» կատարմանը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: