ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որն առաջարկել էր Ռուսաստանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Փաստաթուղթը նախատեսում է Մինսկի համաձայնությունների կատարումը, ինչպես նաեւ խաղաղ ճանապարհով երկրի հարավ-արեւելքի « հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը:
ԱԽ-ի անդամները կոչ են արել «բոլոր կողմերին՝ ապահովել համաձայնագրով նախատեսված հրադադարի ռեժիմը»: Ընդունված փաստաթղթում նաեւ «լիակատար հարգանք է հայտնվում Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»:
Նիստում կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Դոնբասի աշխարհազորին մեղադրել է Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության էսկալացման մեջ: Ընդսմին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա ընդունել է, որ Վաշինգտոնը «սահմանափակ տեղեկատվություն» ունի տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մարկ Լայալ Գրանտը նախազգուշացրել է, որ Արեւմուտքի երկրների կողմից Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը կշարունակվի, եթե Մինսկի պայմանավորվածությունները չկատարվեն:
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան լիովին պատրաստ է օժանդակել Մինսկի համաձայնություններին: «Վստահ ենք, որ փետրվարի 12-ին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության կողմից ձեռնարկված աննախադեպ դիվանագիտական ջանքերից հետո կա այն բանի իրական հնարավորությունը, որ Ուկրաինան շրջի իր պատմության այս դրամատիկ էջը»,- նշել է նա: