ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 6-ին կանցկացնի Ուկրաինային նվիրված հերթական նիստը, որի ընթացքում կքննարկի Դոնբասի հակամարտության քաղաքական կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում: «Դա բաց հանդիպում է լինելու»,- ասել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի կցորդ Թիերի Կաբոշը:

 

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում հաշվետվություններով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը եւ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության գործողությունների բաժնի ղեկավար Ջոն Գինգը:

 

«Դրանից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները կանցկացնեն բաց քննարկում»,- նշել է գործակալության զրուցակիցը: Նա ընդգծել է, որ քննարկման գլխավոր առարկան կդառնա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության զեկույցը, որն այս շաբաթ ներկայացվել էր Ժնեւում: