Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 9-ին եւ 10-ին այցով կգտնվի ԱՄՆ-ում, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրությունը եւ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Սպիտակ տունը, կողմերը «կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի իրադրությունը, Ռուսաստանի թեման, տնտեսական աճը»: Ընդսմին Վաշինգտոնը նշել է, որ Տուսկի այցը «ընդգծում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության կարեւորությունը»:

 

Բրյուսելից ստացված տեղեկատվության համաձայն՝ Տուսկը, որը Եվրախորհրդի նախագահի պաշտոնում իր գերակայությունը համարում է ԱՄՆ-ի հետ համագործակցության ամրապնդումը, հանդիպումներ է նախանշել տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ, որոնցից շատերը ԱՄՆ-ին առավել ակտիվ գործողությունների են կոչում Ուկրաինայի իրադրության կապակցությամբ, մասնավորապես, զենքի ու զինվորական մասնագետների ուղարկման հարցում: Այդ գաղափարն առայժմ չի արժանացել Եվրոպայի ղեկավարների աջակցությանը:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, օրակարգի գլխավոր միջոցառումը կդառնա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունները, որոնց նախորդելու է զրույցը երկրի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Մարտի 10-ին նախատեսված է Եվրախորհրդարանի նախագահի այցելությունը Հոլոքոսթի թանգարան:

 

ԱՄՆ այցի նախօրյակին New York Times թերթին տված հարցազրույցում Տուսկը հայտարարել է, որ Եվրոպան առայժմ պատրաստ չէ խստացնել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Նրա խոսքով՝ այժմ «հնարավոր չէ» այդ հարցի շուրջ համաձայնության հասնել ԵՄ-ի անդամ երկրների միջեւ: Տուսկը նշել է, որ «Եվրոպայի առանձին քաղաքական գործիչներ դեռեւս հուսով են», որ Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ: Դրա հետ մեկտեղ Եվրախորհրդի ղեկավարն ընդգծել է, որ անձամբ ինքը «ավելի թերահավատորեն է տրամադրված»:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Տուսկը հավելել Է, որ իր գործունեության առանձնահատկությունների կապակցությամբ ԵՄ-ն չի կարող Ռուսաստանի վերաբերյալ որոշումներն այնքան արագ ընդունել, ինչպես որ կցանկանար Վաշինգտոնը: «28 ժողովրդավարությունների միջեւ փոխհամաձայնության հասնելը շատ բարդ գործընթաց է»,- ասել է Եվրախորհրդի ղեկավարը: