ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է Սիրիայում Քեսաբի վրա կատարված հարձակումը քննարկելու և այն դատապարտելու Ռուսաստանի առաջարկը, քանի որ ԱԽ-ի մշտական անդամները «իրենց նպատակներն ու խնդիրներ են հետապնդում Սիրիայում», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Քեսաբը, որտեղ հազարավոր հայեր են բնակվում, գտնվում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին: Սիրիական բանակի դեմ կռվող զինյալները ապրիլի սկզբին գնդակոծման են ենթարկել հայաբնակ գյուղերն ու ավանները: Ավելի վաղ հաղորդվել է, որ Քեսաբից Լաթաքիա են տարհանվել շուրջ 700 հայկական ընտանիքներ: ՌԴ ԱԳ նախարարությունը դատապարտել է ծայրահեղականների գործողությունները Սիրիայում և կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ քննարկել Քեսաբի իրադրությունը:
«Ինձ համար միանգամայն պարզ է այն հարցը, թե ինչու ՄԱԿ-ի ԱԽ-ն հրաժարվեց քննարկել տեղի ունեցածը. որովհետեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներից շատերն իրենց նպատակներն ու խնդիրներն են հետապնդում Սիրիայում՝ իրենց համար ատելի Բաշար Ասադի ռեժիմի տապալումը: Ուստիև հանուն այդ նպատակների աչք են փակում այն բանի վրա, ինչ տեղի ունեցավ Քեսաբի հայ բնակչության հետ»,-ասել է Ջաբարովը:
Նա նաև Սիրիայի հայ բնակչության վրա կատարված հարձակումը համեմատել է անցյալ դարասկզբին հայերի ցեղասպանության հետ և հույս հայտնել, որ «համաշխարհային հանրակցությունը կսթափվի և կհասկանա, որ 20-րդ դարի այդ ողբերգությունը չպետք է կրկնվի»: