Ռուսաստանն ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւի նախագիծ կմտցնի Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

 

«Այո, կարծում եմ՝ ամենամոտ ժամանակներս»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին:

 

Դիվանագետի խոսքով՝ «փաստաթուղթը կբովանդակի բոլորին ուղղված կոչ՝ ձեռնարկելու անհրաժեշտ գործողություններ, միավորելու ջանքերը եւ հակազդելու Սիրիայի տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքին»:

 

Գատիլովը նշել է, որ ներկայում Սիրիայում գործում են մեծ թվով ահաբեկչական կազմակերպություններ, մասնավորապես, «Ալ Քաիդա»-ն եւ նրա հետ կապված այլ խմբավորումներ: «Նրանք իրական սպառնալիք են ստեղծում երկրի տարածքային ամբողջականության եւ ամբողջ տարածաշրջանի համար: Ուստի ահաբեկչական սպառնալիքը պակաս լուրջ չէ, քան Սիրիայի հումանիտար իրադրությունը»,- ասել է դիվանագետը:

 

«Հարկավոր է համալիր կերպով պայքարել թե ահաբեկչական սպառնալիքի, թե հումանիտար աղետի դեմ»,- ընդգծել է նա: