Ռուսաստանը և ԱՄՆ-ն բանաձևի երկու նախագիծ են պատրաստել՝ հաջակցություն փետրվարի 27-ից Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի մի աղբյուր, երկու տեքստերի հիման վրա նախատեսվում է մեկ փաստաթուղթ մշակել՝ առաջիկա օրերին ընդունելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
ՄԱԿ-ի մեկ այլ աղբյուր գործակալությանը հայտնել է, որ ապագա բանաձևի քննարկումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ընթանում է երկկողմ ձևաչափով:
Փետրվարի 22-ի երեկոյան ՌԴ-ն և ԱՄՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի 00:00 ժամից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զինադադարի պայմանները տարածվում են հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև ահաբեկչական այլ կազմակերպությունների, որոնք այդպիսիք են ճանաչված Անվտանգության խորհրդի կողմից: