Կիեւն ամեն ինչ կանի Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ ձեռքբերված Մինսկի համաձայնությունները կատարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Քիշնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ ամփոփելով Մոլդովայի և Լեհաստանի նախագահներ Նիկոլայ Տիմոֆտիի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ վարած բանակցությունների արդյունքները:
«Կիեւը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի բոլոր կողմերը կատարեն Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները»,-ասել Է Ուկրաինայի ղեկավարը, ընդգծելով, որ Մինսկի պայմանավորվածությունները մնում են Դոնբասի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ:
Միաժամանակ Պորոշենկոն կրկնել Է «Ռուսաստանի կողմից արտաքին ագրեսիայի» դրույթը:
«Պատերազմը կանգնեցնելու համար անհրաժեշտ Է խստիվ կատարել պայմանավորվածությունները. կանգնեցնել ռազմական գործողությունները, փակել սահմանները, ազատ արձակել գերիներին, դադարեցնել սպառազինությունների մատակարարումներն ահաբեկիչներին, սկսել քաղաքական բանակցություններ, ինչպես նաեւ ազատ ընտրություններ անցկացնել Դոնեցի եւ Լուգանսկի մարզերում»,-ասել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱԱՍ-ը: