ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հուսով է, որ ուկրաինական հակամարտության կողմերը կկատարեն իրենց պարտավորությունները Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ կողմերը կկատարեն այն պարտավորությունները, որոնց շուրջ պայմանավորվել են Մինսկում: Նա հաստատակամորեն կոչ է անում կողմերին իսկական եւ կայուն հրադադար ապահովել փետրվարի 15-ից, ինչը ճանապարհ կհարթի հակամարտության ավելի լայն քաղաքական կարգավորման համար»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, վերջին երկու օրերին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադիր հետեւել է «Մինսկում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարների ակտիվ դիվանագիտական ջանքերին»: «Նա պատշաճն է մատուցում նրանց հաստատակամությանն ու ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ դրանում նաեւ ասված է, որ ՄԱԿ-ը առաջվա պես պատրաստ է օժանդակություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը, մասնավորապես կշարունակի մարդու իրավունքների հետ կապված իրադրության մոնիթորինգը եւ հումանիտար օգնություն կմատակարարի հակամարտության գոտու կարիքավորներին: