Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը համաձայնել են, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման հարցում Եվրամիության դիրքորոշումը պետք Է ավելի վճռական լինի:

 

Այդ մասին տեղեկացնում Է «Ուկրինֆորմ»-ը, նրանք հայտարարել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ, որը տեղի Է ունեցել Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

 

«Կողմերը համաձայնել են, որ Եվրամիության դիրքորոշումը պետք Է ավելի վճռական լինի»,-ասված Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Հանդիպման մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայի նախագահի խաղաղ պլանի իրագործման վրա: Մասնավորապես, Մերկելը և Օլանդը անհանգստություն են հայտնել զինյալների կողմից Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում հայտարարված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կապակցությամբ: Նրանք ընդգծել են, որ պարտավորությունները պետք Է կատարեն բոլոր կողմերը:

 

Մինչդեռ ավելի վաղ Պորոշենկոն չի պաշտպանել Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը: «Ինձ համար ատելի է պատժամիջոցները որպես Ռուսաստանին պատժելու միջոց օգտագործելու գաղափարը,- նշել է Պորոշենկոն:- Մեզ հարկավոր է խաղաղություն, մեզ հարկավոր է, որ Ռուսաստանը հետ քաշի իր զորքերը»:

 

Ուկրաինայի նախագահը նաև հանդես է եկել պնդմամբ, որ երկրի արևելյան մասում աշխարհազորայինների ղեկավարները «Ռուսաստանի քաղաքացիներ են»: Դրա հետ մեկտեղ Պորոշենկոն ասել է, թե պատրաստ է օգտագործել ցանկացած հնարավորություն, մասնավորապես, փոխգործակցել Ռուսաստանի իշխանությունների հետ Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման հասնելու համար: Լրագրողների հարցին, թե նա պատրաստ է արդյոք այդ ուղղությամբ աշխատել Մոսկվայի հետ, Պորոշենկոն պատասխանել է. «Ես պատրաստ եմ խաղաղ համաձայնություն կնքել ում հետ էլ որ լինի»: «Ես ցանկանում եմ խաղաղություն բերել իմ երկրին»,- ընդգծել է նա:

 

Նա նաև անհրաժեշտ է համարում վերականգնել վստահության հարաբերությունները Մոսկվայի և Կիևի միջև: «Ռուսաստանը մեր հարևանն է և երկարաժամկետ հեռանկարում խոսել Ուկրաինայի անվտանգության մասին առանց Ռուսաստանի մասնակցության պարզապես անհնարին կլիներ»,- ասել է նախագահը լրագրողներին:

 

«Մեզ հարկավոր է վերականգնել հարաբերությունները: Դրանք նախ և առաջ պետք է հիմնված լինեն վստահության վրա: Ներկայում դրանցում շատ մեծ է անվստահությունը»,- նշել է Պորոշենկոն: