ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը Ուկրաինային համակողմանի ֆինանսական օգնության ծրագիր են մշակում: Այդ մասին փետրվարի 3-ին The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականությազն գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

 

«Մենք պետք Է ուսումնասիրենք, թե ինչ կարող ենք անել այդ երկրի տնտեսության տարբեր բնագավառներում, որպեսզի շտկենք իրադրությունը»,-ասել Է նա:

 

Ուկրաինային կառաջարկվեն «ոչ քիչ փողեր», որոնց հատկացումը կախված կլինի Ուկրաինայի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ ներկայում մշակվող երկարաժամկետ համաձայնագրի պայմաններից, նշել Է Էշթոնը: Սակայն արեւմտյան օգնությունը պայմանավորված կլինի Կիեւի կողմից տնտեսական ու քաղաքական բարեփոխումների անցկացմամբ, եվրակոմիսարի խոսքը մեջբերել Է հրատարակությունը:

 

Մշակվող ծրագիրը սահմնափակված չի լինի միայն ֆինանսական օգնության հատկացմամբ: «Դրանք կարող են լինել երաշխիքներ,-ճշտել Է Էշթոնը:-Դրանք կարող են լինել ներդրումների հեռանկարներ կամ պարզապես արժույթի կայունության ապահովում եւ այլն»:

 

ԵՄ-ի ներկայացուցիչն ընդգծել Է, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն զգալի օգնություն կցուցաբերեն, եթե Ուկրաինայի իշխանություններն ու ընդդիմությունը ելք գտնեն ներկայիս առճակատումից: Էշթոնի խոսքով՝ օգնությունը կտրամադրվի «մի քանի փուլով»: Եվ դրա առաջին մասնաբաժինը պետք Է օգնի բավարարելու Ուկրաինայի կարճաժամկետ պահանջմունքները: Ընդ որում՝ այդ պահանջմունքները պետք Է հստակեցնի Ուկրաինայի կառավարությունը:

 

Ավելի վաղ ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել Է, որ Եվրամիությունը պետք է ԵՄ-ին անդամակցելու հեռանկար խոստանա Ուկրաինային: «Եթե մենք լրջորեն մտադիր ենք օգնել Ուկրաինային եւ նախկին Խորհրդային Միության մյուս երկրներին վերակառուցվելու գործում, ապա Ասոցացման մասին համաձայնագիրը պետք է մեր կողմից լինի միայն առաջին քայլը»,- ասել Է նա:

 

«Մենք չենք կարողանա օգնել այդ երկրներին առանց օգտագործելու ամենահզոր զենքը՝ ընդլայնումը,- ընդգծել է Ֆյուլեն:- Չի կարելի պարզապես նրանց առաջարկել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր եւ ընդսմին ասել, թե այն երբեք նրանց հնարավորություն չի տա դառնալու Եվրամիության անդամ: ԵՄ-ն պետք է ավելի վճռական լինի»: