Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենում գործադիր մարմնի նիստ: Իսկ նիստին զուգահեռ մայրաքաղաքի Հանրապետության 33-րդ թաղամասի բնակիչները գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են ճանապարհը: Այս պահին ոստիկանները, որոնց թիվը գնալով մեծանում է, փորձում են համոզել բնակիչներին դուրս գալ փողոցի երթևեկելի հատվածից: Տեղի է ունեցել քաշքշուկ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև:
«Հերիք եղավ, մենք ստեղից ոչ մի տեղ չենք գնալու, փակելու ենք բոլոր ճանապարհները: Եթե իրանք մեզ չեն հարգում, մենք էլ իրանց չենք հարգելու: Արդեն 8 տարի է՝ մեզ խաբում են: Մենք չենք սպասելու ոչ մեկին»,- փողոցի մեջտեղում կանգնած՝ գոռում են բնակիչները:
Իսկ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը բողոքի ակցիայի մասնակիցների կողքով անցել է բավականին արագ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս չի մոտեցել ցուցարարներին:
Բնակիչները հայտնել են, որ իրենց առաջարկվել է ժամանակավորապես ապրել վարձակալությամբ, իսկ վարձավճարները պայմանագրի համաձայն պետք է վճարեր «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը: Սակայն, ըստ ցուցարարների, վերջին երկու ամսվա վարձավճարը չի հատկացվել: «Մեզ մայիս և հունիս ամսվա վարձերը չեն տվել: Բացի այդ, 40 հազար դրամ են տալիս, դրանով մենք ո՞նց վարձ տանք»,- դժգոհել են անտուն մնացած բնակիչները:
Փայլակ Ֆահրադյան