Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է այլ անձի խնամքին հանձնելու նպատակով Լոռու մարզի բնակչուհու կողմից իր երեխային վաճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն' Լոռու մարզի բնակչուհի Ռիման 2011 թվականի մարտի 13-ին համաձայնության է եկել Ախթալա քաղաքի բնակիչ Ա.Կ.-ի հետ՝ իր' 2010 թվականի հունվարի 26-ին ծնված երեխային նրա խնամքին հանձնելու հարցում՝ 3500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարձատրության դիմաց։ Քրեական գործի նյութերի համաձայն' երեխայի մայրը նախ ստացել է 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը վերցրել է երեխային հանձնելուց հետո' 2011 թվականի մարտի մարտի 22-ին, Վանաձոր քաղաքում:
Ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։