Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակչուհի, 1970թ. ծնված Ռիմմա Կնիշին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 22-ին Արթուր Կոզմանյանի խնամքին հանձնելու նպատակով վաճառել է իր որդուն՝ Նիկոլայ Սերգեյի Կնիշին: Ռիմմա Կնիշին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով («Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»): Սույն հոդվածը նախատեսում է 2-5 տարի ազատազրկում: Նախկինում չդատված Ռիմմա Կնիշի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատական առաջին նիստը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 20-ին: Այս մասին գրել է Aravot.am-ը։
Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Յաղդան համայնքի ղեկավար Վալենտինա Կերխանաջեւան, ով ազգությամբ հույն է,ասաց, որ իրենց համայնքում ապրում են հույներ եւ հայեր, իսկ Ռիմմա Կնիշին ազգությամբ ռուս է: Համայնքի ղեկավարը մեզ հորդորեց իրենց գյուղի բարի անունը չկապել Ռիմմա Կնիշի հետ, ում վերաբերյալ նա վատ արտահատվեց:
Համայնքապետի վկայությամբ՝ այդ կինը իրենց գյուղի բնակիչ չէ, գրանցված է Ստեփանավան քաղաքում, իրենց մոտ ժամանակավոր գրանցում ունի, ապրում է գյուղից մի տարեց տղամարդու հետ, նրա տանը: Կերխանաջեւան ասաց, որ երեխան՝ Նիկոլայը, ում վաճառել է մայրը, ծնվել է 2012թ. օգոստոսին եւ այժմ գտնվում է մոր հետ: Համայնքի ղեկավարն ասաց, որ Ռիմման Սերգեյ Կնիշի հետ ապրել է Օձունում, որից հետո Սերգեյը հեռացել է անհայտ ուղղությամբ:
Ոսկան Սարգսյան