Այսօր՝ հունիսի 2-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկը ծառայություն կատարելու ընթացքում ահազանգ է ստանում, որ Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի փողոցի 6-րդ շենքում գողություններ են տեղի ունենում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկը մեկնում է նշված վայր և նշված վայրի հարևանությամբ գտնվող Համբարձումյան փողոցի 7 հասցեի մոտ նկատում է մի քաղաքացու, ում ուսին առկա է պայուսակ, ձախ ձեռքին պարկ, իսկ աջ ձեռքին լինգի նմանվող առարկա։ Այդ քաղաքացին, նկատելով պարեկներին, պայուսակն ու պարկը գցում է գետնին ու դիմում փախուստի։ Պարեկները հետապնդում են նրան, սակայն քաղաքացին ոչ միայն շարունակում է փախուստը, այլև ձեռքին եղած լինգը շպրտում է պարեկների ուղղությամբ։
Վերջիններս շարունակելով հետապնդումը, ասում են նրան, որ դադարեցնի փախուստը և կանգնի, ընթացքում մի քանի անգամ պարեկներից մեկը հայտարարում է՝ «կանգնիր, թե չէ՝ կկրակեմ»։
Տեսնելով, որ այդ բառերն էլ չի զգաստացնում փախուստի դիմած քաղաքացուն, պարեկներից մեկը իրեն ամրակցված ծառայողական զենքից մի քանի անգամ նախազգուշական կրակոց է արձակում դեպի օդ։