Մայիսի 30-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում. ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկը հայտնել է, որ Արագածավան գյուղում անհայտ անձը հրազենով կրակոցներ է արձակել «Արմանի» գեղեցկության սրահի ուղղությամբ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 30-ին ժամը 21:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Արման Խ․-ին պատկանող շինության վրա կրակոցները արձակել է Արագածոտնի մարզի բնակիչներ 46-ամյա Արտյոմ Մ․-ն, 42-ամյա Շիրմազ Ս․-ի կողմից վարած ավտոմեքենայից։
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Մ․-ին և Շիրմազ Ս․-ին, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Թալինի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին: