Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից:
Պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:
Նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ: Ավագ պարեկն ու պարեկը սահմանազատել են նշված վայրը և սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Թափոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: