Սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է:

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քնննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանը, դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը և այլ դատախազներ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com