Այսօր' մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանին ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։
ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության 2-րդ վարչության վարչության պետ Վահե Մուշեղյանն ու սպանությունների վարչության պետը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։
Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ ու վիրավորների ինքնություները չենք հրապարակում։