Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:30-ից մինչև 03:15-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը, դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի միջից, Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում կրակոցներ է արձակել Երևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի ծառայողները, ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խմբերը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է վարորդի կողմի դուռը, ապակին և հայելին: Բարեբախտաբար, Փ. Հայրապետյանը չի տուժել:
Կայքի տեղեկություններով՝ Փ. Հայրապետյանը ԽՍՀՄ տարիներից հայտնի Երևանի գաջի գործարանի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռն է, իսկ 29-ամյա Թ. Հայրապետյանի հայրն էլ՝ Հովիկ Հայրապետյանը՝ Երևանում հայտնի «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է: