Այսօր կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են:
Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբ:
Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ: Ավտոմեքենայում առաջացած կրակը մարելու համար ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Կասկածներ կան, որ հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր-օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի, 104 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ այս կրակոցներն ու սպանությունները կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ուսումնասիրվում է:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը: