Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը' Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի և հունիսի 10-13-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հեղինակած օրինագծով նախատեսվում է էապես փոփոխել օրենսգրքի 18-րդ գլուխը՝ «Սեռական անձեռնմխելիության սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները», ինչպես նաև' համապատասխան լրացումներ կատարել օրենսգրքի 75-րդ՝ «Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով» հոդվածում:
Օրենսգրքի 18-րդ գլխում փոփոխությունն ուղղված է ինչպես կանխարգելելու անձի սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները, այնպես էլ խստացնելու այդ հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակները:
Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում անչափահասների նկատմամբ կատարվող նման բնույթի հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:
Հանձնաժողովի նույն օրվա նիստում կայացրած մեկ այլ որոշմամբ՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթեցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում:
Նշենք, որ վերոհիշյալ օրենսդրական փաթեթով ՀՀ կառավարության կառուցվածքում կատարվում է լրացում, ըստ որի' սահմանվում է նոր՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոն: