Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ին միաձայն՝ 114 «կողմ» ձայներով, ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությունը միտված է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների օրենսդրական կարգավորմանը:

 

Ինչպես ԱԺ նախօրեի նիստում նշել էր հիմնական զեկուցող Դ. Հարությունյանը, նախագիծը ծայրահեղ արդիական է: Ըստ նրա՝ հատկապես վերջին տասնամյակում աշխարհում կտրուկ աճել են սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Բազմաթիվ հետազոտողներ դա կապում են տարբեր գործոնների հետ, բայց դրանցից ամենակարևորը համարվում է ժամանակակից տեխնոլոգիաների լայնածալ ներթափանցումը հանրային կյանք՝ սկսած նրանից, որ ավելի հեշտանում են անձանց միջև կոնտակտները, վերջացրած համապատասխան գրականության, տեսահոլովակների լայնածավալ սփռմամբ:

 

Բացառություն չէ նաև Հայաստանը: 2011թ.-ի համեմատ 2012թ.-ին 34-ով ավելացել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Եթե 2011թ.-ին դրանց թիվը 71 էր, ապա 2012թ.-ին՝ 105: 2013թ.-ի առաջին կիսամյակի տվյալներով արդեն 59 նման դեպք է արձանագրված:

 

Սրանով պայմանավորված՝ մասնավորապես, առաջարկվում է 138-րդ և 139-րդ հոդվածներում՝ բռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սահմանել որոշ նոր որակյալ հանցակազմեր: Ըստ Դ. Հարությունյանի՝ երկու հոդվածների բուն էությունը նույնացված է, որտեղ սկզբունքորեն խոսքը վերաբերում է բռնի ուժով կատարվող կամ սեռական հարաբերության, կամ սեքսուալ բնույթի այլ գործողության: «Մենք առաջարկում ենք ավելացնել որակյալ որոշակի հանցակազմեր, մասնավորապես, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով կատարելը, ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, կամ կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, կամ զորամասում զինծառայողի նկատմամբ, կամ բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից կատարելը, ինչպես նաև անձին առևանգելով կամ ազատությունից ապօրինի զրկելով»,-նշել էր հիմնական զեկուցողը:

 

Նախատեսվել է նաև արարքի առանձնապես վտանգավոր տեսակ, և որպես նոր տեսակ սահմանվել է համապատասխան արարքը կատարելը 18 տարին չլրացած անձի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականությունը: Հաշվի առնելով այս առանձնահատկությունը, հեղինակներն երրորդ մասում հիմնական պատժից բացի նախատեսել են նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որաշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով զրկելը:

 

Եվս մի կարևոր փոփոխություն է նախատեսված այս երկու հոդվածներում. ամրագրվում են անօգնական վիճակի չափորոշիչները: Մեկ այլ փոփոխությամբ՝ սեռական հարաբերությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելուն վերաբերող 140-րդ հոդվածում նախատեսվել է արարքի որակյալ հանցակազմ, սահմանելով այդ արարքն ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ կատարելը, և, բնականաբար, այս դեպքերում նախատեսվել է ավելի խիստ պատիժ:

 

Հեղինակ` «Փաստինֆո»