Galatv.am. Սյունիքի մարզի Քաջարանի բնակիչ, Արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ Հենրիկ Օհանջյանը, ով պատերազմի տարիներին զրկվել է ոտքից, հիմա նաև ձեռքից է վիրավոր և անգործունակ է, հայտարարում է, որ ինքը միանում է Երևանում բողոքի դուրս եկած իր ազատամարտիկ ընկերներին և բողոքում է ՀՀ-ում ստեղծված անօրինական բարքերի, սոցիալ-տնտեսական «խայտառակ դրության» համար:

«Ես ուզում եմ գնալ այնտեղ նստել իմ ընկերների կողքին, բայց ոչ ֆիզիկապես է հնարավոր, ոչ նյութապես: Ոտքիս մեկը թողել եմ Հորադիսում, այնտեղ վիրավորվեցի, հենց այնտեղ էլ կտրել են, ձեռքս էլ, կարամ ասեմ, որ 100 տոկոսով չի աշխատում: Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, պատերազմի մասնակից, հերոս, 78 հազար դրամ եմ ստանում, ու դրանով մենք գոյատևում ենք: Ես ուզում եմ իմ ընկերներին ասեմ, որ միանում եմ նրանց և պահանջում թոշակների բարձրացում, դաժե փող չունեմ, որ գնամ-հասնեմ Երևան»,- ասաց Հենրիկ Օհանջյանը:

Ազատամարտիկը 92-94 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին և Հորադիսում շատ ծանր վիրավորվել է, հիմա որդին ծառայում է հայոց բանակում և իմացել է, որ զորացրման ժամկետները փոխվել են: «Ամեն անգամ, երբ գլուխս բարձին եմ դնում, որդուս համար եմ կանչում Աստված, որ անփորձանք տուն գա, հունիսին զորացրվելու էր, բայց հիմա էլ ասում են՝ ուշացումով են զորացրելու, ուզում եմ իմանամ՝ ինչո՞ւ: Ինձ անհապաղ վիրահատման են ուղարկում, գնալու եմ Երևան, ես ինչ գիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ, ուզում եմ տեսնեմ որդուս ողջ-առողջ, նոր գնամ»,- ասաց ազատամարտիկը: Ազատամարտիկի վիրահատման ծախսերը հոգալու են բարերարները: Նա ասաց, որ ոչ մի հարցով չի դիմում ՊՆ, որովհետև գիտի, որ հերթական անգամ խաբելու են:

«Ինձ դեռ էն ժամանակ խաբեցին, երբ ՀՀ ՊՆ Սերժ Սարգսյանն էր: Ինձ բնակարան էր հասնում, սպասեցի, սպասեցի, կանչեցին, ասացին՝ բնակարան չկա, փող ենք տալիս՝ 700 հազար դրամ: Երբ ասացի հրաժարվում եմ, ասացին՝ տղա ջան դրանից էլ կզրկվես, ես էլ ստիպված վերցրի:

Հետո, երբ հավաք էր մեզ մոտ՝ Կապանում, բոլորի մոտ ձայն բարձրացրի, ասի՝ ինձ խաբել են, պարոն Սերժ Սարգսյան, ասաց՝ մենք քեզ կօգնենք, ու նա էլ ինձ խաբեց»,- ասաց Հ. Օհանջյանը:

Քրիստինա Մկրտչյան