Մայիսի 7-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։
Դեսպան Մինասյանի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միջև կայացած զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող երկկողմ պատմական կապերին, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությանը: Այս կապակցությամբ դեսպան Մինասյանը նշել է, որ նպատակ ունի ուղղել Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը երկկողմ մշակութային կապերի, հոգևոր ընդհանրությունների առավել ընդլայնմանը, ինչպես նաև, համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:
Դեսպան Մինասյանը Հռոմի Պապին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջույնը: Նա նաև երախտագիտություն է հայտնել վերջերս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես Պետրոս 19-րդի միջև կայացած հանդիպման ժամանակ Քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշման համար:
Հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը Հռոմի Պապին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Հայաստան այցելելու հրավերը: Քահանայապետը խոստացել է դիտարկել Հայաստան այցելելու հնարավորությունը:
Հռոմի Պապի հետ հանդիպումից հետո, Սուրբ Աթոռի արարողակարգի համաձայն, դեսպան Մինասյանն առանձնազրույց է ունեցել Սուրբ Աթոռի Պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ:
Հանդիպման ընթացքում կարդինալ Բերտոնեն, շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը կարևորելու համար, ողջունել է Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու որոշումը: Պետքարտուղարը հայտնել է նաև, որ Սուրբ Աթոռի Պետքարտուղարությունում քննարկվում է Հայաստանում նվիրակություն բացելու հարցը: