168.am-ի տեղեկություններով' Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ՀՀԿ-ական ղեկավարները՝ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հարությունյանը, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երեկ հավաքվել են և քննարկել ապագա մարզպետի հարցը: Նրանք որոշել են, որևէ կերպ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հասցնել այն մեսիջը, որ մարզպետ նշանակի համայնքի ղեկավարներից մեկին: Ըստ նրանց' իրենք փորձ ունեն և ի վիճակի են մարզպետ աշխատելու: Հավաքին չեն մասնակցել Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանն ու Գորիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Վերջինս «յուրային » չի համարվում, քանի որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մտերիմն է: Ի դեպ, մարզպետի հավակնություն ունի Վարդան Գևորգյանը, որին կաջակցի նաև Զանգեզուրի պղձնամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Վարդան Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաքսիմ Հակոբյանի հետ նման հարց չի քննարկվել, սակայն չհերքեց, որ գործընկերների հետ հանդիպում եղել է. «Մենք միշտ էլ քաղաքապետերով հավաքվում ենք, խոսում ենք, ինչու չէ' սուրճ ենք խմում»,- ասաց Գևորգյանը: