Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարություն, որ եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի, պաշտոնական Բաքվի պատասխանն էր պաշտոնական Երևանին, թե՝ «Բանկրոտը դուք եք»: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը՝ նկատի ունենալով Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի՝ օրեր առաջ կայացած նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված քննադատությունը և երեք-չորս տարուց այդ երկրի ֆիասկոյի մասին կանխատեսումը։
Հիշեցնենք, որ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, «Մենք կարող ենք գազ մատակարարել Հայաստանին: Ադրբեջանը մարդասիրական երկիր է և գիտակցում է տարածաշրջանային առաջնորդի իր դերը, եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք անկասկած կօգնենք»:
Ի պատասխան հարցի, թե ադրբեջանական պետական կորպորացիայի ղեկավարի այդ հայտարարությունը արդյոք Ադրբեջանի կառուցողական լինելը ցույց տալու միտումով միայն արտաքին լսարանի համար հայտարարություն էր, Մանվել Սարգսյանը նկատեց. «Մի քանի օր առաջ էլ Սերժ Սարգսյանը չէ՞, ինչ-որ անդրադարձավ Ադրբեջանի ապագային, որ շուտով բոլորը կտեսնեն, որ Ադրբեջանը բանկրոտ երկիր է լինելու: Դե, էդ մարդիկ էլ ասում են՝ «Բանկրոտը դուք եք, էլի»»,-ասաց քաղաքագետը:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր հետևյալը. «3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում»:
Նշենք, որ ավելի ուշ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը մեկնաբանելով SOCAR-ի նախագահի հայտարարությունը, բացատրել էր, թե ինչ է նշանակում «Մենք կարող ենք գազ մատակարարել Հայաստանին»: Որ այդ արտահայտությունն արդեն իսկ որոշ նախապայմաններ է ենթադրում: Որ օգնությունը կտրամադրվի որոշ պայմանների առկայության դեպքում:
«Եթե Հայաստանը դիմի մեզ, ապա դա կնշանակի, որ նա գիտակցում է, որ նման օգնության կարիք ունի… Հայաստանն արդեն գիտակցում է իր անել դրությունը, ուստի նման պայմաններում Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է կառուցողականություն դրսևորի:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ SOCAR-ի նախագահի հայտարարության առնչությամբ նշել են, որ հարևան Վրաստանն Ադրբեջանից գազ գնում է 1000 խորանարդ մետրը 230 ամերիկյան դոլարով, իսկ Ռուսաստանը Հայաստանին 1000 խորանարդ մետր գազը վաճառում է 315 ամերիկյան դոլարով:
Քաղաքագետի հավելմամբ՝ ադրբեջանցիները մեզ ասում են՝«խելոք պահե՛ք, գազ տանք ձեզ: Դուք էսօր եք բանկրոտ»:
Մանվել Սարգսյանը ավելորդ է համարում թե՛ Երևանի հայտարարությունը և թե՛ Բաքվի պատասխանը, քանի որ ասաց՝ «ոչ ասածն էր բանի նման (նկատի ունի Սերժ Սարգսյանի ասածը – Tert.am), անհասկանալի էր՝ դրա իմաստը ո՞րն է։ Բնական է՝ նման անիմաստ էլ պատասխան էր էն կողմից»։
Ի պատասխան հարցի, թե ինչով կհիմնավորի նման գնահատականը, քաղաքագետը նշեց, որ նման հայտարարություններ սովորաբար արվում են, երբ իսկապես անորոշությունը վտանգավոր սահմանի է հասել, իսկապես անելանելի վիճակ է:
«Թեկուզ, տեսե՛ք, Թուրքիայում ինչ է կատարվում, էնտեղ էլ նմանատիպ հայտարություններ են: Բոլոր ռեժմները, երբ որ իրենց հանգիստ չեն զգում, սկսում են սենց ինչ-որ տպավորություն ստեղծել, որ իրենք իրենցից բան են ներկայացնում, որ իրենք մի բան գիտեն, առաջ են նայում: Այ, էդ կարգի բաներ, որոնց իմաստը չես կարող հասկանալ»,- մանրամասնեց քաղաքագետը:
Գոնե Մանվել Սարգսյանը չի հիշում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային պրոցեսում գազի հարցը երբևէ շոշափված լինի, որպես բանակցային փաթեթի տարր, բաղադրիչ, գործոն, նախապայման:
Իսկ այն, որ հնարավոր է Ադրբեջանը միջնորդավորված կերպով Հայաստանին «գազային այլընտրանք» է առաջարկում, առհասարակ, ըստ քաղաքագետի՝ իրականության հետ որևէ կապ չունեցող վարկած է:
Առհասարակ, Մանվել Սարգսյանը համարում է, որ ինտերգրացիոն գործընթացներում Արևմուտքի և Ռուսաստանի հակադրումը Հայաստանում շատ ավելի ուռճացված է ներկայացվում, քան իրականում կա: