Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 10-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ, 44-ամյա Վլադիմիր Գյուրջյանը, Հրազդան քաղաքից դեպի Ծաղկաձոր տանող խաչմերուկի մոտ, վարելով ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՕ 500 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 8-ամյա Ալինա Սարգսյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը, ով սովորում է Հրազդան քաղաքի թիվ 6 դպրոցի 2-րդ դասարանում, «գանգուղեղային տրավմա, քթի սալջարդ, որովայնի բութ տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը՝ Վ. Գյուրջյանը, աշխատում է Հրազդանի քաղաքապետարանում՝ ներքին աուդիտի բաժնի պետ: