Հունիսի 3-ին տեղացած ուժեղ կարկտահարությունից, որը զուգորդվել է ուժեղ քամով և հորդառատ անձրևով, տուժել են Տավուշի մարզի 12 համայնքների գյուղացիական տնտեսությունների ցանքատարածություններ, բազմամյա տնկարկներ, խոտհարքներ: Վնասվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ: Վերոնշյալ համայնքներից յուրաքանչյուրում ստեղծվել է համայնքային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամներ, համայնքային ծառայողներ և ֆերմերներ:
Հանձնաժողովներն ուսումնասիրել են վնասված տարածքները և որոշել վնասվածության աստիճանը, կազմել համապատասխան ակտեր և ներկայացրել մարզային հանձնաժողով: Մարզային հանձնաժողովում ներառվել են արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տավուշի մարզային վարչության աշխատակիցներ, Տավուշի մարզի ԳԱՄԿ-ի գործակալներ և մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Մարզային հանձնաժողովը ուսումնասիրել է համայնքային հանձնաժողովների ներկայացրած ակտերը, որից հետո տեղերում կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Վնասվել են շուրջ 1977 հա մշակաբույսերի ցանքատարություններ, բազմամյա տնկարկներ և խոտհարքեր: Կատարվում են վնասի չափերի հաշվարկման աշխատանքներ: