Lragir.am. Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ռազմավարական դաշնակիցը բավական ուշագրավ նվեր է մատուցել Հայաստանին: Կուլտուրա հեռուստաալիքով, որը պետական ալիք է, ցուցադրվել է Թուրքիայի վերաբերյալ մի քննարկում, որի մասնակիցները փաստացի կասկածի տակ են առել հայերի ցեղասպանությունն ու դրա զոհերի թիվը, ասելով, որ այն ավելի քիչ է, քան մեկուկես միլիոնը:
Ինչ կլիներ, եթե օրինակ Ռուսաստանն իր պետական հեռուստաալիքներից մեկով կասկածի տակ առներ ասենք Խոջալուի «ցեղասպանություն» կոչվածը: Ադրբեջանի արտգործնախարարության օպերատիվ նոտային թերեւս որեւէ մեկը չի կասկածում, եւ ռուսներն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեին ներողություն խնդրել «թյուրիմացության» համար: Ի դեպ, կարծես թե եղել են նախադեպեր:
Մի քանի ամիս առաջ, Ռուսաստանի կրկին պետական հեռուստատեսության եթերում, հայտնի հրապարակախոս Ալեքսեյ Պրոխանովը արցախյան պատերազմի պատմություններ էր պատմել ու հայերին ներկայացրել որպես վայրագներ, իսկ ադրբեջանցիներին՝ իր բարեկամները:
Ու դարձյալ, Հայաստանից ոչ մի ծպտուն: Առավել եւս հիմա, երբ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ու Մեդվեդեւին, ինչպես կարելի է դրանից հետո բողոքել, թե այդ ինչ եք ցուցադրում ձեր պետական հեռուստաալիքներով: Չէ որ Ռուսաստանի օրն է այսօր, Ռուսաստանն ինչ ուզի կարող է անել:
Պարզապես, Հայաստանի համար կարծես թե ամեն օր է Ռուսաստանի օր, եւ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ամեն օր է ինչ ուզում անում:
Չնայած, հավանաբար գործ ունենք մոսկովյան կապրիզների հետ, որ սկսել են հաճախակի արտահայտվել այն պատճառով, որ Հայաստանն այդուհանդերձ ինչ-ինչ պատճառներից ելնելով ստիպված է մերժել Ռուսաստանի որոշ կայսերապաշտական նկրտումներ: Ամենայն հավանականությամբ հենց դրա համար էլ կայսերական հեռուստաալիքները սկսել են տոտալ գրոհ հայկական դիրքերի վրա՝ «եթե մեզ չեք հանձնում ձեր ապագան, ապա մենք էլ կապականենք ձեր անցյալը»:
Ռուսական պետական հեռուստաեթերն ըստ ամենայնի լծվել է այդ գործին եւ գուցե հեռու չէ այն օրը, երբ ռուսական պետական հեռուստաընկերություններում պայմանագրային հիմունքներով պատմա-վավերագրական հաղորդումների խմբագրության խորհրդատուներ կընդունվեն մի շարք թուրք պատմաբաններ: Իսկ խմբագրությունների բյուջեի համար պատասխանատվությունն էլ երեւի մեծահոգաբար կստանձնի Ադրբեջանը:
Մնում է սպասել, թե ռուսական պետական հեռուստաեթերում երբ է լինելու արցախյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան, որտեղ քաջարի ադրբեջանցի եւ թուրք զինվորները պայքարելու են հայ ծայրահեղականների դիմաց, որոնք իրենց պահանջներով քանդեցին Խորհրդային եղբայրական Միությունը, իսկ այժմ էլ ոչ մի կերպ չեն համաձայնում այն կտոր-կտոր հավաքելու Պուտինի ջանքերին:  

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ