Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Հանդիպումը առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ առաջինն է Հայաստան-ԱՄՆ պաշտոնական մակարդակում՝ Հայաստանում փոփոխություններից հետո: Մյուս կարևոր հանգամանքը դա այն ներքաղաքական իրավիճակն է Հայաստանում, որի ֆոնին տեղի է ունենում այս հանդիպումը:
Թեև տարբեր կողմերից փորձ է կատարվում ներքաղաքական դաշտի խաղացողների շարքում, նախագահ- վարչապետ տանդեմում Արմեն Սարգսյանին մղել երկրորդ պլան, ստեղծելով ինչ-ինչ հակասությունների իմիտացիա, պարբերաբար ընդգծելով նրա դե յուրե լիազորությունների սահմանափակ լինելը, այնուամենայնիվ ԱՄՆ-ում Սարգսյանին ընդունում են պետքարտուղարի մակարդակով: Նախկինում մատների վրա կարելի է համարել դեպքերը, երբ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը ընդունության է արժանացել նման բարձր մակարդակով՝ չհաշվենք իհարկե այս կամ այն գագաթաժողովներում անցկացված հանդիպումները, որոնք ավարտվել են ձեռքսեղմումով և տեսախցիկների առջև ժպտալով՝ առանց որևէ գործնական արդյունքի:
Այս անգամ սպասումները այլ են՝ կա հույս, որ հայ-ամերիկյան հարաբերություններում որակապես նոր փուլ է սկսվելու, հաշվի առնելով նաև այն օբյեկտիվ փոփոխությունները որոնց այսօր ձգտում է մեր երկիրը և որոնք միանշանակ ողջունվում են ԱՄՆ կողմից: Սակայն մի բան է ցանկությունը, մեկ այլ բան՝ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու կարողությունը:
Հենց այդ պատճառով է, որ մեր երկրի համար անչափ կարևոր է օգտագործել Արմեն Սարգսյանի ռեսուրսային այն բազան, որին նախագահը տիրապետում է՝ խոսքը առաջին հերթին հեղինակության և միջազգային կապերի մասին է: Թերևս միամտություն կլիներ մտածել, որ գերտերության ղեկավարները ամեն օր աշխատանքային կամ մասնավոր հանդիպումներ են ունենում ատլանտյան աշխարհի ծիրից դուրս գտնվող երկրների ղեկավարների հետ: Այս տեսանկյունից այն ինչ այսօր փորձում է անել Սարգսյանի՝ գլոբալ լոբբինգ է: Եթե մինչ այս լոբբիստական խնդիրները հիմնականում դրված էին Սփյուռքի մեր կառույցների ուսերին, ապա այսօր ունենք հոյակապ հնարավորություն՝ անել դա պետական մակարդակով և անել արդյունավետ: Դա թույլ կտա լուծել խնդիրների մի ամբողջ կոմպլեքս՝ անվտանգային հարցերից սկսած, որոնց այսօր լրջորեն բախվում ենք տարածաշրջանում, վերջացրած՝ ներդրումների ներգրավումով, ինչը օդի և ջրի պես է անհրաժեշտ տնտեսությանը՝ հատկապես այս անցումային փուլում:
Ստելլա Խաչատրյան