Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Էրեբունի-Երևանի 2806-ամյա տարեդարձի առթիվ.
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:
Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետությունն ու մայրաքաղաքը նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում:
Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող մեր քաղաքը, սակայն նաև հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես պետությանն ու երկրին, այնպես էլ Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները
Երևանը սկսվում է մեր տնից, բակից ու փողոցից և բոլորիս ձգտումը՝ ունենալ առողջ, հարմարավետ, հաճելի ու ժամանակակից քաղաք պետք է մեկնարկի հենց այդտեղից:
Երևանը մենք ենք, մեր քաղաքացիները, որովհետև միայն շենքերը, այգիները կամ փողոցները բավարար չեն քաղաք կոչվելու համար:
Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է, իսկ Երևանի հազարամյա հոբելյանը' հերթական առիթը լիաթոք ուրախանալու, հպարտանալու և միաժանակ խորհելու՝ օրեցօր, տարեցտարի ավելի գեղեցիկ, ավելի ուրախ ու բարգավաճ քաղաք ունենալու համար:
Շնորհավոր տոնդ, մեր սիրելի մայրաքաղաք: