Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը կարծես աննկատ մնաց: Հիմնական քննարկումներն ու խոսակցությունները, որ այս օրերին ակտիվորենեն շրջանառվում են, թերևս, Թրամփի`ապրիլքսանչորսյան ուղերձում «Մեծ Եղեռն» տերմինի օգտագործման շուրջ են. ոմանք այն համարում են հերթական խուսափողական ձևակերպումը, մյուսներն էլ`առաջընթաց: Մի խոսքով` Եվրոպայում տեղի ունեցածն այնքան էլ լայն ռեզոնանս կարծես չստացավ:
Իրականում, սակայն, Չեխիայի քայլը հստակ ուղերձ է` Հայաստանին ոչ այնքան այդ երկրի, որքան Եվրամիության կողմց: Չմոռանանք, որ բացի Ցեղասպանության փաստի ճանաչումից, չեխական «Գրանդերա» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև Հայաստանում հիմնել լուսադիոդային լուսավորման համակարգերի արտադրություն, ինչն ուղղակի հստակ ժեստ է առ այն, որ ԵՄ-ն պատրաստակամ է Հայաստանի հետ զարգացնել կոնկրետ հարաբերություններ: Այս իմաստով ավելորդ չէ նկատել, որ ադրբեջանամետ ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը, ևս հստակ պատրաստակամություն է հայտնել' մոտ ժամանակներս լքելու զբաղեցրած պաշտոնը. սա ևս, անկասկած, միևնույն պրոցեսի մասնիկ է հանդիսանում:
Խոսակցություններն այն մասին, թե Թրամփի նախագահ դառնալով Արևմուտքը պասիվացնելու է իր արտաքին քաղաքականությունը, դատարկաբանություններ դուրս եկան: Թրամփը ոչ միայն չպասիվացավ, այլև շարունակում է ստեղծագործական մոտեցում ցուցաբերել արտաքին քաղաքական հարթակում, ինչը, պետք է նկատել միանգամայն բնական է. նախագահները փոխվում են, իսկ ԱՄՆ շահերը մնում են նույնը: Հարցն այստեղ ուղղակի այն է, թե որ նախագահը համապատասխան խնդիրները լուծելու համար ինչպիսի մեթոդների կդիմի և վերջ: Դատելով Արևմուտքից եկող ազդանշաններից`պետք է եզրակացնենք, որ այստեղ մեր երկրի հանդեպ բավական դրական են տրամադրված, ինչն, անկասկած, պայմանավորված է նաև նույն Անդրկովկասում հետզհետե սրվող աշխարհաքաղաքական մրցակցությամբ. Արևմուտքին ձեռնտու չէ Հայաստանը մոռացության մատնել, քանի որ այդ պարագայում նրա գլոբալ շահերն այս տարածաշրջանում էականորեն կվտանգվեն. Հայկական հարցն այս իմաստով հարմար գործիք է' Հայաստանի հետ հարաբերությունները վերաթարմացնելու, դրանք ավելի կառուցողական հուն տեղափոխելու իմաստով: Հետևաբար`վերը թվարկված իրադարձությունների էությունը հասկանալու համար դրանք պետք է դիտարկել հենց այս տրամաբանության կոնտեքստում. պայքարը նոր է սկսվում…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ