Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 29-ին տարածված տեսաուղերձում հորդորում է Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Հայոց հայրապետի հրաժարականը պահանջող հայորդիներին 12 առաքյալների տոնն անցկացնել աղոթքի մեջ:
Արդեն տևական ժամանակ է ինչ Գարեգին Բ-ի հրաժարականի հանրային պահանջ է ձևավորվել. Գործ ունենք ոչ օրդինար մի իրավիճակի հետ, որի դեպքում առաքելական եկեղեցու առաջնորդի եւ նրա գործունեության նկատմամբ դրսեւորվում է անթաքույց ու բացահայտ դժգոհություն: Իհարկե կարելի է ասել, որ 3 հազար հոգանոց խումբը՝ դա ավազահատիկ է ՀԱԵ հետեւորդների միլիոնանոց բանակում: Բայց կրկին շեշտենք, որ գործ ունենք հասարակական ակտիվություն ցուցաբերող, հասուն եւ գիտակից հատվածի հետ, որտեղ, փաստորեն, Գարեգին Բ-ի կողմնակիցները ճնշող փոքրամասնություն են կազմում, այն էլ՝ ելնելով մի շարք կոնյունկտուրային պայմաններից: Ընդ որում շարժումը որևէ կերպ չի թիրախավորում Հայ առաքելական եկեղեցուն, թիրախը մեկ անձ է՝ Գարեգին Բ-ն.
Եթե վերջինիս հրապարակած տեսաուղերձում տեղ գտներ զղզջման ակնարկ՝ գուցե դա լիցքաթափեր իրավիճակը: Սակայն Գարեգին Բ-ի շաշտադրումները և տեսաուղերձի տոնը առավել բնորոշ է քաղաքական գործչին, քան հայ առաքելական եկեղեցու առաջնորդին: Վեհափառը ակնհայտորեն մեղանչում է ճշմարտության դեմ փորձելով իրավիճակը ներկայացնել իբրև երկու-երեք քահանայի նախաձեռնած ավանտյուրա: Խնդիրը շատ ավելի խորքային է և այն անտեսել կնշանակի լուրջ հարված հասցնել եկեղեցու՝ առանց այդ էլ խարխլված հեղինակությունը: Որևէ մեկը չի կարող վիճարկել այն իրողությունը, որ եկեղեցին այս տարիների ընթացքում կորցրեց այն առանցքային դիրքերը, որոնք ուներ դարեր շարունակ: Որևէ մեկը չի կարող վիճարկել, որ եկեղեցի- հասարակություն կապը խարխլվել է, դրա վառ ապացույցն էլ ոչ վաղ անցյալում էր երբ ցավով արձանագրում էինք, որ Սարդարապատի հուշահամալիրում հավաքված բազմությունից և ոչ մեկը չմոտեցավ Վեհափառին: Միթե սա լուրջ ահազանգ չէ…
Այս է պատճառը, որ այդ մարդիկ այս կործանարար գործընթացը կանգնեցնելու միակ հնարավորությունն այլեւս տեսնում են նրանում, որ կաթողիկոսը, ցանկալի է՝ մի քանի արքեպիսկոպոսների հետ միասին, լքի իր գահն ու հեռանա ճգնելու եւ աղոթելու հանուն Հայաստանի ու հայության պայծառ ապագայի: