«Ընդդիմության աթոռի վրա աչք չունենք: Դրա համար քաղաքական խնդիրներ կան, որն իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը: Բայց ինչպես ասել եմ, կան ակտիվ քաղաքական գործիչներ ընդդիմությունից, բայց ինքը զրոյական դաշտից դուրս չի եկել», - այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Վերջինս խոսեց նաև երեկ Ազգային ժողովում ներկայացված Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մասին.
«Պատահական չէ, որ Վերահսկիչ Պալատի հաշվետվությունն ի գիտություն ենք ընդունում. ոչ թե քվեարկում ենք, օրենք ենք դարձնում, այլ' ի գիտություն ենք ընդունում, որովհետև դա հրապարակում է, և եթե օրենք կամ որոշում ես դարձնում, դա դառնում է վճիռ, մեղադրական:
Ես կարծում եմ, որ շատ ակտիվ անցան քննարկումները. բոլոր քաղաքական ուժերը կարողացան օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները, բոլորն էլ իրենց տեսակետները հաղորդեցին: Մենք պետք է համբերենք, տեսնենք նաև, թե կառավարության տեսակետն ինչպիսին է: Իհարկե ակնհայտ է, որ բնականաբար որոշակի դիրքորոշումներ կլինեն քննարկումներից հետո», - ասաց Սահակյանը: