«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը դուրս է եկել ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից:
Ըստ «Հրապարակ» թերթի այսօրվա հրապարակման՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի և Գ.Ջհանգիրյանի միջև լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Պատճառ է հանդիսացել այն, որ հանձնաժողովն իր նիստերի ժամանակ դժվարությամբ է քվորում ապահովում, և հանձնաժողովի նախագահը որոշել է դիմել ԱԺ ղեկավարությանը' նիստերից բացակայող հանձնաժողովականների աշխատավարձերից պահումներ անելու համար:
«Տղա ջան, դու շատ փոքր ես, որ նման բաներ անես»,- ըստ թերթի՝ վիճաբանության ժամանակ ասել է Գ.Ջհանգիրյանն ու ձեռքի թղթերը նետել է Կ. Նահապետյանի ուղղությամբ:
Թերթը հիշեցնում է, որ Ջհանգիրյանի զինդատախազ եղած ժամանակ Կորյուն Նահապետյանը համեստ ու խելոք քննիչ է եղել: Հարցին, թե ինչն էր պատճառը, որ այդպես թունդ վիճաբանել եք վերջին նիստի ժամանակ, Ջհանգիրյանը պատասխանել է. «Ես երեխաների հետ չեմ վիճում»:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի