Այսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Նոր թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, նշված գյուղ են ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի Ոստիկանության Պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ Գարիկ Հովսեփյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Թովմաս Հովհաննիսյանի և հրամանատարի տեղակալ Աղասի Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում թիվ 4 տան խոհանոցում տեղի է ունեցել հեղուկ գազի 20 կգ-ոց բալոնի պայթյուն, ինչի հետևանքով Մասիսի բժշկական կենտրոն են մարմնական վնասվածքներով տեղափոխվել 29-ամյա Էդգար Ոսկանյանը, նրա որդին՝ 4-ամյա Նիկոլայ Ոսկանյանը և այդ պահին վիրավորներին օգնություն ցուցաբերած նրանց հարևանը՝ 58-ամյա Լեռնիկ Մովսիսյանը, ով վնասվածքը ստացել է ոչ թե գազի բալոնի պայթյունի, այլ տանը ապակու կոտրվելու հետևանքով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունից հետո կրակ է բռնկվել և այն կարճ ժամանակում մարել են Մասիսի հրշեջ-փրկարարները: Հրդեհի արդյունքում տան ներսում ամբողջովին այրվել են միջանցքի դռները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Շիրակ Խաչատրյանը, ում կողմից առգրավվել է 20 կգ-ոց և 3 կգ-ոց գազի բալոնները, որպեսզի փորձաքննությամբ պարզվեն պայթյունի պատճառները:
Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ-քննչական խմբին հայտնել են, որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, սակայն նրանք 1-2 օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ, և վիրավորներից երկուսին տեղափոխել են Երևան: