Maxinfo.am կայքը հաղորդում է տարածել այն մասին, որ արգելափակվել է կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան: Ըստ լրատվամիջոցի, դա արվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր կողմից:

Մենք հեռախոսով կապ հաստատեցինք Բաբկեն Հարությունյանի հետ եւ վերջինս կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ տվեց «Փաստինֆո»-ին:

«Ես լուսանկարահանումներ էի իրականացնում Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը, ռեպորտաժը իրականացնելուց հետո իմ մեքենան հետապնդեց, ինչպես հետագայում պարզվեց, Ալիկ Սարգսյանի եղբայրը’ Անդրանիկ Սարգսյանը: Նրանք փակեցին իմ մեքենայի Ճանապարհը, ես, իհարկե, ստիպված եղա կանգնել, որից հետո վերցրեցին իմ մեքենայի բանալիները եւ թույլ չտվեցին ինձ շարունակել իմ ճանապարհը»,- պատմեց մեր զրուցակիցը:

Պատասխանելով կատարվածի պատճառների մասին հարցին' Maxinfo.am կայքի հիմնադիրը մասնավորապես ասաց. «Մենք բազնմիցս անդրադարձել ենք Ալիկ Սարգսյանի գործունեությանը եւ հավանաբար նրանց համար դա շատ տհաճ է: Միանշանակ դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ, որեւէ անձնական բնույթի խնդիր մենք երբեւէ չենք ունեցել եւ չէինք էլ կարող ունենալ»:

Հարցին, թե արդյոք կատարվածի մասին Բաբկեն Հարությունյանը տեղյակ պահե՞լ է Ոստիկանությանը, թե՞ բավարարվել է կայքում տեղադրված հրապարակմամբ, մեր զրուցակիցը նշեց, որ թեեւ ինքը իրավապահներին չի դիմել, բայցեւայնպես «քիչ առաջ ինձ զանգահարեցին ոստիկանությունից, կանչեցին, դեպքի վայր, այնտեղ, որտեղ ես թողել էի իմ ավտոմեքենան»:

Առայժմ նա չցանկացավ դեպքի մասին այլ մանրամասներ ներկայացնել' գերադասելով սպասել իրավապահների ձեռնարկելիք գործողություններին:

Հեղինակ:
Նելլի Դանիելյան