ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հրահրել է անկարգություններ, խոչընդոտել սիրիահայ ներդրողի գործունեությունը։ Այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ փաստաբան Տիգրան Հայրապետյանը։
Ըստ նրա՝ սիրիահայ գործարար Արա Տագեսյանը երկու տարի առաջ՝ 2018-ին, որոշել է Հայաստանում իր բիզնեսն սկսել, զբաղվել գյուղատնտեսությամբ, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում գնել է 200 հա հողատարածք, սակայն հանդիպել է խոչընդոտների:
Հայրապետյանը նշում է՝ Ռուստամ Բաքոյանի կողմից սիրիահայ ներդրողի գործունեությունը խոչընդոտելու մասով հաղորդում է ներկայացվել, և օրեր առաջ դատարանը բավարարել է բողոքը։ Թեև մինչ այդ քրեական գործ է հարուցվել, սակայն վարույթն իրականացնող մարմինը ոչինչ չէր ձեռնարկում, իսկ դատարանը գտավ, որ պատգամավորի կողմից խախտվել են Արա Տագեսյանի իրավունքները։
Ըստ Տագեսյանի` դեռ չհասցնելով նույնիսկ հողը վարել` գյուղացիները համախմբվել և փորձել են վռնդել գործարարին այդ տարածքից։
«Հայաստանյան տերմինաբանությամբ՝ այնտեղից մեզ լարեցին, չթողեցին, որ ինչ-որ աշխատանք կատարենք։ Այսինքն՝ մենք փորձեցինք ներդրում անել, բայց գրեթե երկու տարի է՝ ոչնչի վրա ժամանակ ենք վատնել»,- պատմեց գործարարը։
Փաստաբանը հավելեց՝ գյուղացիների դժգոհությունը եղել է այն, որ այդ տարածքը ժամանակին արոտավայր է եղել և ցանկանում են, որ հիմա էլ դրա համար ծառայի։
«Պարոն Տագեսյանն ասել է, որ իր կողմից 50 հա տալիս է համայնքին։ Անգամ ասել է, որ միանգամից 200 հա վրա չի սկսի աշխատել. «քիչ-քիչ կսկսեմ» և խոստացել է, որ համայնքում աշխատատեղեր կստեղծի։ Ինչ-որ մեկը հրահրեց գյուղացիներին, և նրանք չհամաձայնեցին»,- պատմեց Տիգրան Հայրապետյանը՝ նշելով՝ այդ ինչ–որ մեկը Իմքայլական Ռուստամ Բաքոյանն է։
Պատգամավորը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց գործարար Արա Տագեսյանի հայտնած տեղեկությունը. «Իհարկե, նման բան չի եղել, ամբողջը սադրանք է, այլ ֆոնի ներքո լրիվ ուրիշ բան է ներկայացնում, այսինքն՝ ներկայացնում է իրականություն չեղած բան: Այդ մարդը ստում է»: