«Ակցիա Երևան սիթի խանութների ցանցում, հավատարիմ հաճախորդների համար սունկ' կես գնով»։ Նման ակցիաների կարելի է հանդիպել գրեթե ամեն շաբաթ։ Ամեն շաբաթ էլ կարելի է հանդիպել «Երևան սիթիի»-ի՝ նույն ակցիաներից դժգոհ հավատարիմ հաճախորդ հանդիսացող այցելուների։

Նման մի դեպքի ականատես եղա երեկ Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետում։

Մի շարք կանայք և տղամարդիկ իրենց դատարկ զամբյուղներով փակել էին բանջարեղենի ամբողջ բաժինը։ Բողոքի պատճառը օրվա առաջադրված ապրանքն էր՝ շամպինյոն սունկը, որը հավատարիմ հաճախորդները կարող էին ձեռքբերել «երկուսը՝ մեկի գնով» տարբերակով։

«Ցուցարարներից» մեկը նշեց, որ առավոտյան ժամը 10-ից սպասում են, սակայն այդ սունկն այդպես էլ չեն բերել։

Ներկաներից մեկը շեշտեց, որ առավոտյան սունկ եղել է, բայց շատ քիչ քանակությամբ, մոտ 4-5 հատ։ «Ասել են, որ պետք ա բերեն, բայց այդպես էլ չբերեցին», - նշեց կինը։

Մի կնոջ էլ առավել բարկացրել էր աշխատակազմի սպասարկումը, նրա հարցերին որևէ մեկը պատասխան չէր տվել, դեռ մի բան էլ ավելին՝ մի երիտասարդ կոպտել էր կնոջը։

Հավաքվածներից մեկն էլ ձեռքում վերցրել էր այլ սունկ, ասելով, որ այն տանելու է փորձաքննության, քանի որ սունկի տեսքը թարմ չէր և սևացած եզրերով էր։

Սիթիի աշխատակիցները պնդեցին, որ սունկը ժամկետի մեջ է, սակայն նկատելի դարձավ, որ այն ժամկետը, որ նրանք մատնանշում էին վերաբերում էր այլ սնկի տեսակի։

Որոշ ժամանակ անց հավաքվածներին մոտեցավ մենեջերը՝ փորձելով հանգստացնել նրանց, և ասաց, որ մոտ 30 րոպեից կլինի սունկը։

«Ակցիա է, 2 տուփ սունկը՝ մեկի գնով, ու չեն տալիս, եկել է օրը, ասում են՝ չկա։ Մարդիկ ամեն ամիս 50 000-ի առևտուր են անում, որ իրենց ակցիայից օգտվեն, գալիս են ստեղ, անհավատ են դառնում, ու իրանց մոտ միշտ ա տենց։ Կարագն ա ակցիա, գալիս ես, էլի չկա, մի պահ տալիս են, հետո էլ չկա, երշիկ էին դրել, փչացած էր, որ շունը չէր ուտի. իրանք 2-3 օր դրել էին ծախում էին», - Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հավատարիմ հաճախորդներից» մեկը։