Galatv.am. «Ես հրաժարվում եմ նախաքննության ժամանակ իմ տված բոլոր խոստովանական ցուցմունքերից, քանի որ դրանք գրել եմ ՀՀ ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցների գործադրած հոգեբանական բռնության հետևանքով: Ինձ և մեր գործով մյուս ամբաստանյալների հետ նույն վարչություն էր բերվել նաև որդիս' Գալուստ Շալունցը, և ես նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանների հնչեցրած սպառնալիքների ազդեցությամբ ընդունել եմ ինձ առաջադրված բոլոր մեղադրանքները' առանց որևէ բացառության: Անգամ ցուցմուքներիցս մեկում նշել եմ, որ ես եմ սպանել Լենինին ու Ստալինին. ինձ համար էական չէր, թե ինչում են ինձ մեղադրում և ինչ քրեական պատասխանատվության կենթարկվեմ. կարևորը, որ որդուս գլխին գործ չսարքեին»,- Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսպիսի ցուցմունք է տվել արդեն մոտ 10 ամիս ընթացող քրեական գործով ամբաստանյալ Լևոն Շալունցը, ով նաև հավելում է, որ գործով մյուս ամբաստանյալներին ևս խնդրել է գրել այն ամենը, ինչ իրենց կասեն ոստիկանները. նրանք էլ գրել են: Դատաքննության փուլում մյուս ամբաստանյալներն էլ հաստատեցին, որ վերջինս է իրենց խնդրել գրել այն ամենը, ինչ իրենց կթելադրեն ոստիկանները:
Լևոն Շալունցին և գործով ամբաստանյալ Արթուր Մովսիսյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նրանք 2011թ. օգոստոս ամսից մինչև 2012թ. փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ զբաղվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից (ԻԻՀ) մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով ափիոն և խոշոր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման և Հայաստանում դրանց ապօրինի իրացմամբ:
Գործով մեկ այլ ամբաստանյալ Վրեժ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. փետրվարի 10-ին, ժամր 21.00-ի սահմաններում, Լևոն Շալունցի առաջարկով՝ նրանից առանձնապես խոշոր չափերի շուրջ 20 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց անհատույց, ապօրինի ձեռք բերելու ակնկալիքով, փորձել է օժանդակել նրան ու Արթուր Մովսիսյանին Ագարակ քաղաքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի տարածքում, ոմն Բենիկի կողմից մաքսային հսկողությունից թաքցնելով՝ իրանական կողմից Հայաստան արտանետված, առանձնապես խոշոր չափերի՝ 1 կիլոգրամ ափիոն և խոշոր չափերի՝ 16,35 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ իրացնելու նպատակով ձեռք բերելուն, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն կարողացել հասցնել, քանի որ արտանետված թվով 10 փաթեթներից երկուսր՝ դրանցում րնդհանուր՝ շուրջ 200 գրամ ափիոնի պարունակությամբ, գիշերային պայմաններում չեն կարողացել հայտնաբերել, 1-ը՝ 97,1 գրամ ափիոնի պարունակությամբ, ոստիկանների կողմից հայտնաբերվել է նշված տարածքում, իսկ 2-ը՝ ընդհանուր՝ 190,7 գրամ ափիոնի պարունակությամբ, արտանետման արդյունքում հայտնվել են սահմանային փշալարի հակառակ կողմում, որոնք հայտնաբերվել են ոստիկանության աշխատողների կողմից։ Մնացած թվով 6 փաթեթներում առկա առանձնապես խոշոր չափերի՝ րնդհանուր 488,85 գրամ ափիոնի և խոշոր չափերի՝ 16,35 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի պարունակությամբ փաթեթները Արթուր Մովսիսյանի հետ միասին թաքցրել են ուղեկալի 9-րդ տեղամասի տարածքում՝ հետագայում վերցնելու նպատակով, որը նույն օրը Արթուր Մովսիսյանը ոստիկանների պահանջով ներկայացրել է։
Իսկ Սիմոն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իր րնկեր Արման Գառնիկի Ղազարյանի հետ նախնական համաձայնությամբ, առանց իրացնելու նպատակի՝ իրենց գործածման համար, առանձնապես խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց ձեռք բերելու դիտավորությամբ, նույն ժամանակ նախապես Լևոն Շալունցին փոխանցել են թմրամիջոցի համար նախատեսված, իրենց կողմից համամասնորեն ներդրված րնդհանուր 3.500 ԱՄՆ դոլար գումարր, իսկ մի քանի օր անց Լևոն Շալունցր վաճառելու եղանակով նրանց իրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ րնդհանուր շուրջ 400 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց։ Սիմոն Գրիգորյանի մասնաբաժինր կազմող նույն թմրամիջոցից շուրջ 50 գրամն Արման Ղազարյանր ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի արգելապատից նետելով հիմնարկի տարածք՝ այդ կերպ այն փոխանցել է այդտեղ պատիժ կրող դատապարտյալ Սիմոն Գրիգորյանին, ով հետագա ամիսներին գործածել է այն, իսկ մնացած քանակությունն իր հերթին նույն ժամանակահատվածում գործածել է Արման Ղազարյանը:
Ամբաստանյալ Շալունցը դատարանում նշել է նաև, որ իր և որդուց' Գալուստ Շալունցից 2012 թվականի փետրվարի 12-ին ստացված մեզի և մազի փորձանմուշներ ստանալու վերաբերյալ արձանագրություններում նրանց ստորագրությունները կեղծված են, նման արձանագրություններ իրենց առհասարակ ստորագրման չեն ներկայացվել, որը դատաքննության ժամանակ հաստատեց նաև որպես վկա հրավիրված Գալուստ Շալունցը: Իսկ այդ նմուշների փորձաքննության արդյունքներում ստացված տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությունը դրվել է Շալունցին առաջադրված մեղադրանքի և մեղադրական եզրակացության հիմքում:
Բացի այդ, Շալունցը դատարանում նշեց, որ 2012 թվականի փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը՝ ժամը 02:30-ի սահմաններում Գորիսի ոստիկանության բաժնի աշխատակիցները՝ առանց ձերբակալման իրավունքի վկայականի, իրենց բնակարանի դուռը ջարդելու միջոցով մուտք են գործել բնակարան, հայտնել, որ իրեն պետք է տանեն բաժին, ասել, որ տղաներն էլ պիտի գնան իր հետ: Շալունցը հիշում է, որ հետո ոստիկանները մտափոխվել են և ասել, որ նրանցից մեկը պատրաստվի, ապա նորից ասել, որ պատրաստվեն երկուսը, հետո նորից մտափոխվել ու տարել Գալուստին, ուստի Շալունցը ոստիկանների պահվածքից եզրակացնում է, որ նրանց համար տարբերություն չկար, թե իր որդիներից ում կտանեին:
Դատավոր Արշակ Վարդանյանը Շալունցի' դատարանում տված ցուցմունքի վրա հիմնվելով՝ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին' գործում եղած ենթադրյալ ապօրինությունների քննարկումը նախաքննական անկախ և անկողմնակալ մարմնին (բացի ՀՀ ոստիկանության քննչական ապարատից) հանձնարարելու, նախաքննական այլ մարմնի միջոցով ամբաստանյալի վերոնշյալ ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու և խոշտանգման կամ պաշտոնեական կեղծիքի դեպքերը հաստատվելու պարագայում քրեական գործ հարուցելու և մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը բարձրացնելու համար:
Գալուստ Շալունցն արդեն ցուցմունք է տվել Հատուկ քննչական ծառայությունում, իսկ նրա ստորագրությունը ձեռագրաբանական փորձաքննության է ուղարկված: ԳԱԼԱ-ն ավելի ուշ կփորձի կապ հաստատել Շալունցի ընտանիքի անդամների և փաստաբանի հետ և հայտնել գործի հետ կապված այլ մանրամասներ:
Արաքս Մամուլյան