Այսօր Ազգային ժողովի միջանցքում բուռն վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի և Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանի միջև, բանը հասավ նրան, որ պատգամավորները միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրին: Panorama.am-ի փոխանցմամբ՝ պատգամավորների միջև վիճաբանությունն սկսվել էր ԱԺ նիստերի դահլիճում Արամ Մանուկյանի ելույթի ընթացքում, երբ վերջինը հիշել էր բնապահպանության նախկին նախարար եղած ժամանակ Վարդան Այվազյանի ունեցած հանքերի մասին:
Այնուհետև Մանուկյանն առաջարկեց ԱԺ-ում ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որտեղ «կընդգրկենք նաև Վարդան Այվազյանին, որպես անբասիր (հեգնական տոնով ասաց-հեղ.) պատգամավոր»: Վարդան Այվազյանը տեղից սկսեց խոսել բարկացած, ինչին միջամտեց ԱԺ նախագահը' ասելով. «Այվազյան, հանգստացիր»: Սակայն պարոն Այվազյանը «չհանգստացավ» և արդեն ընդմիջմանը Մանուկյանի հետ վեճը շարունակվեց ԱԺ միջանցքում. Այվազյանը բարձրաձայն խոսում էր Արամ Մանուկյանի ելույթի մասին, երբ Մանուկյանը լսեց, որ իրեն է առնչվում Այվազյանի խոսքը, իր հերթին նշեց, որ այն, ինչ հայտարարել է, իրականությանն է համապատասխանում:
«Իմ բերածներից ոչ մի բանն էլ անօրինական չէ, ամեն ինչ փաստաթղերով է»,- ԱԺ միջանցքում սկսել է գորգոռալ Վարդան Այվազյանը: Մինչդեռ Արամ Մանուկյանը նշել է, որ իրականությանը չի համապատասխանում: «Բերեք ապացուցեք», հայտարարեց Մանուկյանը' շարունակելով քայլել դեպի իր սենյակ: «Ես կարմիր դիպլոմով գռուշչիկ եմ աշխատել: Օրենքը պահել եմ, քո նման միանգամից մանդատ չեմ ստացել»,-իր հերթին գոռաց Վարդան Այվազյանը: «Մի գողացեք», հետ նայելով շարունակեց Արամ Մանուկյանը: «Ես եմ գողացո՞ղ, հլը մի տեղ ցույց տուր, արա», -արձագանքեց Այվազյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե լրատվամիջոցը գրել է «Ձեր գողության» մասին, Այվազյանը արձագանքեց. «Փող ա վերցրել, գրել ա, ի՞նչ ա գրել, այն ինչը գրելա տալիս եմ քեզի: Մի վնգստա»,- ասաց Այվազյանը ու մտավ ՀՀԿ խմբակցության սենյակ: