Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին, ով այս պահին նախնական կալանքի տակ է գտնվում, դադարեցրել է հայտարարած հացադուլը. հայտնում է newsgeorgia-ն: Երկուշաբթի օրը Մերաբիշվիլիի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել, և ներկացված պահանջներից մեկը նրան հեռուստացույց տրամադրելն է:
«Մերաբիշվիլին դադարեցրել է հացադուլը: Հեռուստացույցը մեկ օրվա ընթացքում կտեղադրվի նրա բանտախցում», - հայտարարել է Վրաստանի պատժամիջոցների կիրառման նախարարության մամլո քարտուղարը:
Ընդ որում՝ Մերաբիշվիլիի մյուս պահանջը, այն է՝ լիազորագիր ձևակերպել իր ընտանիքի անդամերի անունով, որպեսզի նրանք կարողանան օգտվել նրա բանկային հաշվեհամարներից, չի բավարարվել:
Ինչպես պարզաբանել է մամլո քարտուղարը, նա «մեղադրյալ է, այլ ոչ թե՝ դատապարտյալ»: