Մարդկանց առևտրին և աշխատանքային ու սեռական շահագործմանը' թրաֆիքինգին նվիրված ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը փաստում է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը' 2-րդ մակարդանցից բարձրանալով 1-ին: Ինչպես տեղեկանում ենք Պետդեպարտամենտի պաշտոնական կայքից, Հայաստանը մտել է այդ չարիքի դեմ պայքարի ընթացքում լավագույն ցուցանիշներ գրանցած առաջատար երկների ցուցակում:
Սակայն Պետդեպը անհրաժեշտ է համարել նշել այն թերությունները, որոնք դեռևս առկա են Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարում:
«Չնայած առաջին մակարդակում գտնվող երկրները համարվում են ամենաբարձր ցուցանիշ ունեցողները, սակայն դա չի նշանակելու, որ այդ երկրներում այդ խնդիրը բացակայում է: Ընդհակառակը, դա նշանակում է, որ երկիրը ընդունում է խնդրի առկայությունը և զգալի ջանքեր է գործադրում դրանք հաղթահարելու ուղղությամբ: Երբեք չի կարելի որևէ երկրում թրաֆիքինգի դեմ պայքարը ավարտված համարել»,-ասված է զեկույցում:
Այսպես, Պետդեպը մատնանշում է Հայաստանում հետևյալ խնդիրները. «Հայաստանում առկա է կանանց և երեխաներին' որպես աշխատուժ շահագործման ենթարկելու դեպքեր: Այս խավը Հայաստանում նաև ենթարկվում է սեռական շահագործման»,- նշում է Պետդեպը։ -«Հայ կանայք սեռական շահագործման են ենթարկվում Միացյալ արաբական էմիրություններում և Թուրքիայում: Հայ կանայք և տղամարդիկ հարկադիր աշխատանքային շահագործման են ենթարկվում Ռուսաստանում և Թուրքիայում: Շատ են գյուղատնտեսություններում և շինարարական աշխատանքներում երեխաներին որպես աշխատուժ կիրառելու դեպքերը»:
«Իսկ ընդհանուր առմամբ՝ Հայաստանը պահպանում է թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշները»,-նշվում է զեկույցում: