Shamshyan.com-ը տեղեկավնում է, որ այսօր՝ հունիսի 21-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքից Երևան են ժամանել ամուսիններ, 51-ամյա Վլադիմիր Վանեսյանը և 53-ամյա Գայանե Մելքումյանը: Վերջիններս խիստ զայրացած ու անհանգստացած են երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի կայացրած դատավճռից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինները հայտնում էին, որ 2012թ հունվարի 18-ին Բերդ քաղաքի Մաշտոցի 24 շենքի թիվ 5-րդ բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք հափշտակել էին 37 մլն ՀՀ դրամ և 10 մլն դրամի ոսկյա զարդեր: Նույն օրը կատարվածի մասին ամուսինները հայտարարություն են տալիս ոստիկանության Բերդի բաժին և նույն բաժնի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ: Որոշ ժամանակ անց Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները բացահայտում են հանցագործությունը և ոստիկանություն են բերման ենթարկում ՌԴ Ռոստով քաղաքում հաշվառված, սակայն փաստացի Բերդ քաղաքում բնակվող Կորյուն Ալավերդյանին և Վանաձոր քաղաքի բնակիչ Մասիս Խաչատրյանին: Ամուսինները պատմում էին, որ խուզարկությամբ Մ. Խաչատրյանի տանը հայտնաբերվում է իրենց ընտանեկան առյուծի գլխով մատանին, որից հետո Մասիսը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, որ գողությունը կատարել է ինքը՝ այս պահին հետախուզման մեջ գտնվող Վահիկ Թովմասյանի հետ, իսկ հանցագործության կազմակերպիչը եղել է Կ. Ալավերդյանը: Այս ամենից հետո ոստիկանությունը առգրավում է նաև Կ. Ալավերդյանի Brabus մակնիշի ավտոմեքենան, որպեսզի հետագայում դատարանը որպես փոխհատուցում կարողանա օգտագործել՝ տուժած ամուսինների նյութական վնասը վերականգնելու համար: Երեկվա դատական նիստը անցկացվել է բավական լարված մթնոլորտում, և ամուսինները դատարանում սպառնացել են գալ Երևան և խորհրդարանի շենքի մոտ ինքնահրկիզվել, սակայն վերջին պահին հրաժարվել են դիմել ծայրահեղ այդ քայլին, քանի որ ցանկանում են նամակով դիմել ՀՀ նախագահին: Երեկ դատավոր Զ. Զաքինյանի կայացրած վճռով Կ. Ալավերդյանը, ով հանցագործության կազմակերպիչն է եղել ըստ ամուսինների, դատարանից ազատ է արձակվել, իսկ Մ. Խաչատրյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ամուսինները պատրաստվում են դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Ամուսինները հայտնում էին նաև, որ դատական նիստերի ողջ ընթացքում կազմակերպչի և կատարողի փաստաբանները, իրար հերթ չտալով, անհարգալից ու վիրավորական արտահայտություններ էին անում ոստիկանների և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների հասցեին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի