HayNews.am. Երբ Արամ Մանուկյանը խոսում է ՀՀ ԱԺ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում ՀԱԿ խմբակցության «թիմային» աշխատանքի արդյունավետության մասին, տպավորություն է ստեղծվում, որ ինքը՝ Արամ Մանուկյանը կա՛մ չի տեսնում ակնհայտը, կա՛մ էլ միտումնավոր մոլորության մեջ է ցանկանում գցել ՀԱԿ-ի նախկին ընտրողներին:

 

Խնդիրն այն է, որ ՀԱԿ խմբակցություն, որպես այդպիսին, գոյություն չունի այն պարզ պատճառով, որ չկա Հայ ազգային կոնգրես դաշինքը: Այն վերաձևվել է՝ դառնալով քաղաքական կուսակցություն այն դեպքում, երբ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության առանց այդ էլ փոքրաթիվ անդամներից գոնե երկուսն իրենք քաղաքական այդ ուժի հետ ոչ մի կերպ չեն ընդհանրացնում:
Հետևաբար, կա ընդդիմադիր պատգամավորների մի խումբ, որի աշխատանքը գնահատել որպես «թիմային» ուղղակի հնարավոր չէ:


Այս առումով հատկանշական են Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը՝ հատկապես այն դեպքում, երբ, օրինակ, նույն Բագրատյանը հայտնվել է «իզգոյի» կարգավիճակում և նույնիսկ անձնական շփումների մակարդակով գործում է ոչ այն է հպարտ մենակի, ոչ այն է խեղճացրած միայնակի տրամաբանությամբ: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա նույնպես աչքի չի ընկնում թիմային աշխատանքով՝ գերադասելով իշխանությունների նկատմամբ քննադատությունը ներկայացնելով որպես բացառապես սեփական տեսակետ:

 

Առաջին հայացքից այս բավական անտրամաբանական վիճակն, իրականում, ունի շատ ռացիոնալ բացատրություն և, ցանկության դեպքում, այն կարելի է ձևակերպել մեկ անունով՝ Լևոն Զուրաբյան: Հենց նա է ՀԱԿ խմբակցությունում սկսված «մերոնաքական-ձերոնքական» խաղի հեղինակը և, թերևս, հենց նրա անձով է պայմանավորված ՀԱԿ-ի «հավատավորների»՝ տարբեր ճամբարներում հայտնվելը:

 

Խնդիրն այն է, որ դեռևս նախագահական ու նույնիսկ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլերում ՀԱԿ-ը, որն այն ժամանակ դեռևս դաշինք էր, բաժանվեց երկու իրարամերժ խմբակցության հենց այն պահից սկսած, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ասպարեզ մտցրեց ԲՀԿ-ի հետ համագործակցելու գաղափարը: Թե ո՞վ ի՞նչ տեսակետ ուներ այս հարցում, արդեն վաղուց էական չէ, քանի որ այս խնդրում տարաձայնություններն օգտագործվեցին ոչ այնքան քաղաքական հռետորաբանության, որքան քաղաքական հաշվեհարդարի նպատակով:

 

Չմանրանալով մանրամասների մեջ, միայն փաստենք, որ Լևոն Զուրաբյանը, ով, ըստ երևույթին, կարտ-բլանշ էր ստացել Տեր-Պետրոսյանից, բավական կարճ ժամանակահատվածում կարողացավ ՀԱԿ-ից մեկուսացնել մարդկանց, ովքեր նրանից առավել էին թե՛ ճարտասանությամբ, թե՛ խարիզմայով, թե՛ իշխանության դեմ պայքարում իրենց ներդրմամբ, բայց, ի տարբերություն Զուրաբյանի, բացարձակապես չէին տիրապետում կուլիսային խարդավանքների արվեստին:

 

Ի դեպ, այս իմաստով բավական ուսուցողական էր հենց Հրանտ Բագրատյանի փորձը, քանի որ նախկին վարչապետը «անցանկալի անձ» դարձավ ոչ թե որովհետև նախագահի թեկնածու առաջադրվեց՝ չսպասելով Տեր-Պետրոսյանի առաջադվել-չառաջադրվելու որոշմանը, այլ քանի որ այդ քայլով անիմաստ դարձրեց Զուրաբյանի առաջադրվելու հնարավորությունը: Իսկ քանի որ Զուրաբյանը, չունենալով քաղաքական առաջնորդին հատուկ մի շարք որակներ, աչքի է ընկնում նաև մանրախնդրությամբ ու հիշաչարությամբ, հետևաբար այդ իսկ պահից ՀԱԿ-ում Բագրատյանի հետագա ճակատագիրը «գրվեց սառույցին»: Ասենք, Նիկոլ Փաշինյանինը նույնպես: