Վերահսկիչ պալատ-վարչապետ միմյանց դեմ ուղղված հայտարարությունները ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը չի համարում քաղաքական վեճ «Հանրապետական թևերի» միջև, այլ սեփականության տարածքները միմյանց միջև բաշխելու կռիվ։ «Դեռ կտեսնենք, թե ինչպես են ունեցվածք բաժանելու համար իրար գլուխ ջարդելու։ Հանրապետականի ներսի վեճը քաղաքականի չի, տեսակետների չի, սեփականության է: 14 տարի է ՀՀԿ-ն իշխանության ղեկին է, և այս տարիների ընթացքում ես չեմ տեսել, որ քաղաքական վեճ լինի ՀՀԿ թևերի միջև: Բոլոր վեճերը միայն ազդեցության ոլորտների, հողի բաշխման, սեփականության բաշխման վերաբերյալ է, և սա էլ հերթական կռիվն է սեփականության տարածքների հետ կապված»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը։
Այն հարցին, թե ինչու է այդ դեպքում նման ընդհարումը հանրային ձևով ներկայացվում և նման բարձր մակարդակով, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Բարձր մակարդակով բարձր ախորժակներ ունեն։ Պատերացնո՞ւմ եք, իրենց չափաբաժինը ինչքան է մեծացել: Հիմա իրենց ներսում առաջանալու է բաժինների վեճ, էս փոքրը քեզ, մեծը ինձ: Թաթերը գցելու են»,- բացատրեց ՀԱԿ պատգամավորը և մանրամասնեց։ «Երկու բյուջեի չափ գումարներ են պտտվում երկրում, ստվերը 60% է: Արտաքին պարտքերը համախառն ներքին արդյունքի 44%-ն է, դա գիտեք ի՞նչ թվեր են: Այսինքն՝ երկրի կեսը մենք արդեն պարտք ենք, իսկ երկրի ներսի ամբողջ սեփականության 50%-ը 30 ընտանիքի ձեռքին է»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ կառավարության վերջին՝ հունիսի 20-ին կայացած նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր ԱԺ-ում ներկայացված և բուռն քննարկումների առիթ դարձած Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվությանը, որը ներկայացրել էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը և նշել, որ վերջինս իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով, և կարող է միայն ու միայն մասնագիտական գնահատականներ տալ:
Դրան հաջորդեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, որում նա «շնորհակալություն» էր հայտնել վարչապետի հայտարարության կապակցությամբ և ավելացրել, որ Ազգային ժողովում խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ինքն ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության և գնումների ոլորտը համարվում է ռիսկային, ինչը ամենևին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում:
««Համատարած թալան», «ՎՊ-ն իր հաշվետվության մեջ փորձել է օգտագործել քաղաքական տերմիններ կամ ենթատեքստ է դրել»: Հաշվետվությունը ձեր սեղանին է, խնդրում եմ ցույց տալ, թե «համատարած թալան» արտահայտությունը որտեղ է օգտագործված, և քաղաքական ի՞նչ գնահատականներ ենք մենք տվել: Չկա այդպիսի բան և ինձ թվում է, որ որոշ տերմիններ օգտագործելուց հետո ոմանք փորձ են անում դրանք ուղղել, սա արդար չէ»,- եզրափակել էր Իշխան Զաքարյանը։
Նշենք, որ Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ այս կապակցությամբ ասել էր, որ Վերահսկիչ պալատ-վարչապետ հայտարարությունները, միգուցե, իշխանության ներսում առկա ինչ-ինչ հոսանքների, հակասությունների արդյունք են ու իշխանության ներսում դիրքերի ճշգրտման, բայց ոչ բովանդակային բանավեճի: Արմեն Մարտիրոսյանը նաև հավելել էր, որ այն թիմի ներսում «ներիշխանական լեզվակռիվ» է, որը եթե անգամ իրական է, «Ժառանգության» համար «շոու» է, բայց ոչ լուծման խնդիր: