Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թ. տարեկան հաշվետվությունը: Հաշվետվության մեջ «Հայկական միրգ» և «ԱՐԱԼԵՌՏՈՏ» ընկերությունների գործունեության վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի հայտնաբերած փաստերին էր անդրադարձել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: Այս կապակցությամբ Orer.am-ը կապ հաստատեց Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանի հետ:
«Վերահսկիչ պալատը չի ընդունում փաստերի միակողմանի լուսաբանման որևէ լրատվամիջոցի սուբյեկտիվ մոտեցումը: Ուզում եմ ձեզ հայտնել, որ առաջիկայում Վերահսկիչ պալատը մանրամասնորեն կանդրադառնա այդ երկու ընկերությունների գործունեության մեջ ՎՊ հայտնաբերած խախտումներին՝ տարընթերցումներից և լրագրողական կամայականություններից խուսափելու համար, կներկայացվեն նոր մանրամասներ»,- նշեց Արամ Ալավերդյանը: